Քիչ էր մնում...
Ուրեմն, մենք խմբում մի աղջիկ ունենք, որը իրականում միգուցե շատ լավն է, բայց դասի ժամանակ մի քիչ ... անտանելի է: Չբողոքեմ շատ, բայց ասեմ, որ դասի ժամակ հենց սկսում է խոսել, բոլորն իրար են նայում, "Էլի սկսեց...": Նույնիսկ խեղճ դասախոսներն են լարվում, երբ նա խոսում է:Չերկարացնեմ: Մի Group Research ունենք, ու ամեն խմբում 4-5 ուսանող կա: Բնականաբար, ես ու այդ աղջիկը նույն խմբում ենք: Դեպքից մի օր առաջ մեր հանրակացարանում նստած ենք, աղջիկներով քննարկում ենք` ով ում հետ է նույն խմբում, ես էլ ասացի, որ նրա: Բոլորը ցավակցական հայացքով նայեցին ինձ, իբր "քոռանամ ես, խեղճ էրէխեն..."
Հաջորդ օրը խմբերով հավաքվելուց առաջ դաս ունեինք, որտեղ մեր չնաշխարհիկը իրեն էլի շատ "լավ" դրսևորեց: Դասախոսի վրա "հարձակվեց", բա "ինչու ենք սա կարդում, նա չենք կարդում: Էս գիրքը լավը չի, են մեկն ա լավ..." մի խոսքով, սովորական վիճակն էր: Դասից հետո սպասում էինք, որ թիմային աշխատանքի ղեկավարը գա, ես էլ սկսեցի մյուսլիով շոկոլադ ուտել (granola bar), սոված էի: Վայ, չուտեի ես այդ granola bar-ը...
Շուռ եկավ, ասաց, "Թուուուուու, հիմա սոված եմ, ինչը նշանակում ա, որ հեսա ավելի անտանելի եմ լինելու դասի ժամանակ" (այո, նա տեղյակ է, որ անտանելի է): Ես էլ այդ դարդիս մի այլ granola bar առաջարկեցի նրան, ինչը հաճույքով ընդունեց:
Քիչ անց, երբ արդեն կերել էր granola bar-ի մեկ երրորդը, հարցրեց "Սրա մեջ գետնանուշ չկա, չէ?": Ես էլ նայեցի, ոնց-որ չկար...
2 րոպե հետո մեկ էլ վեր թռավ, թե "Վայ, Աստված ջան, սրա մեջ գետնանուշ կա, ես էլ ալերգիկ եմ, հեսա տաս րոպեից շունչս կտրվելու է, խեղդվեմ, մեռնեմ: Դեղս չեմ վերցրել..." ու սկսեց թռվռալ միջանցքով մեկ` գոռալով "Օգնություն, բժիշկ, հասեք, փրկեք: Զուգարանն ուր է?":
Պատկերացնում եք ես ինչ վիճակում էի? Սրան թողած` սկսեցին ինձ հանգստացնել: :D Մտքովս ինչ ասես չանցավ...
Վազեցինք օֆիս, ղեկավարներից մեկին ասեցինք "Վայ-վայ, փրկեք, կանչեք": Կողքից ծիծաղելի էր երևի, բայց հո չէինք վախեցել:
Լավ, հիմա հետ ենք գնում, որ իրեն ասենք` շտապօգնությունը գալիս է, ու ինչ տեսնենք? Այնտեղ չի: Ուր գնաց, ինչ եղավ իր հետ?
Դեմքս սպիտակել էր: Լյարդս բռնած մտածում էի, ուր գնաց այդ խելառը:
Շտապօգնությունը եկավ, տեսավ այնտեղ չի, գնաց...
10 րոպե հետո հետ եկան: Գնացել էին դեղատուն` դեղ գնելու: Վազեցինք իրենց մոտ, որ իմանանք ինչպես է, պատասխանեց "Լավ եմ, էրեխեք ջան: Ապրեք, որ օգնեցինք: Լաուրա ջան, կներես որ վախեցրեցի քեզ: Դե լավ, գնանք դասի, ես Սուդանի մասին մեր հետազոտության համար մի քանի բան ունեմ ասելու: Գրքեր պետք է կարդանք..."
Ես էլ սուս-փուս նրա 15 կիլոյանոց պայուսակը վերցրեցի ու քարշ տվեցի լսարան, որտեղ ես այլևս ձայն չհանեցի, միայն հարցրեցի` "Խնձոր ունեմ, կարող է ուզես? Հաստատ մեջը գետնանուշ չկա: Չնայած, արի կարդանք, մարդ ես, ես էլ ոչ մի բանի չեմ վստահում..."
No comments:
Post a Comment