Monday, October 14, 2013

Den Haague - Հաագա

Գնացել էի Հոլանդիա` ընկերուհուս տեսակցության: 

Յասամանին ճանաչում եմ շատ վաղուց: Նա Հայաստանում էր սովորում երկու տարի, նախքան Հոլանդիա գալը: Բավականին երկար չէի շփվել նրա հետ, և շատ պատահական մի օր արթնացա ու որոշեցի գնամ նրան տեսակցության:

Կարծում էի, թե Ամստերդամում է ապրում, բայց պարզվեց, որ Հաագայում է: 

Եվ այդպես, մի անձրևոտ առավոտ պայուսակս դասավորեցի ու մեկնեցի Հաագա:

Սովորաբար կայարաններում շատ դժվար եմ գտնում ճանապարհները, բայց այս անգամ առանց (համարյա առանց) միջադեպերի չորս ու կես ժամում մեր "գյուղից" (Օլդենբուրգից) հասա Հաագա:

Անկեղծ ասած, երբ որոշեցի գնալ այնտեղ, գաղափար անգամ չունեի, թե ուր եմ գնում: Ժամանակ չունեցա քաղաքը օնլայն ուսումնասիրելու: 

Յասամանին հանդիպեցի հենց կայարանի դիմաց: Մի ծիծաղ, մի ուրախություն: Հինգ տարուց ավելի իրար չէինք տեսել: Գնացինք իրենց տուն, հետո էլ` մի հետաքրքիր ակումբ, որտեղ իր ընկերուհու "goodbye party"-ն էր: Առանձնապես ոչ մի բանով այդ ակումբը ինձ չզարմացրեց, այնպես որ պատմությունս սկսեմ երկրորդ օրվանից:





Որոշեցինք առավոտվանից գնալ զբոսանքի:

Հաագան ինձ ապշեցրեց ամեն առումով: Փողոցում մարդիկ շատ բարետես էին, բարեհամբույր, հաճախ ժպտում էին, մանավանդ այն ժամանակ, երբ (ամոթ էլ է ասել) չտեսի նման ֆոտոխցիկս աջ ու ձախ էի տանում, որ հանկարծ մի բան բաց չթողնեմ:

Հիմա, որ ասեմ, նույնիսկ չգիտեի, որ այնտեղ ծովափ կա, և դա հենց օրվա լավագույն նորությունն էր: Գնացինք ծովափ:





Եվ հենց այդ ծովափին էլ հանդիպեցի առաջին հոլանդահայերին:  Սրճարանում նստած էին մի խմբով, երբ իրենց մոտով անցնելիս զգացի, որ տարօրինակորեն լավ եմ հասկանում այն, ինչ խոսում են: Շրջվեցի ու նայեցի իրենց, ինչպես "թուրքը խոզի մսին" :D :D 

Իրենք բնականաբար զարմացան, թե էս խելառը ինչ է աչքերը չորս արած նայում մեզ: Ես էլ ասացի "Վայ, կներեք" :D ու շարունակեցի ճանապարհս:

Սա առաջին ծովափը չէր, որ ես տեսել եմ, սակայն ասեմ, որ տեսածներիցս ամենահանգիստն էր: Մարդիկ իրենց համար լողում էին, շների հետ զբոսնում: Այնքան երջանիկ տեղ էր, չեք պատկերացնի...

Շարունակեցինք ճանապարհը: 

Հայտնվեցինք մի փողոցում, որը հայտնի է իր փոքրիկ խանութներով: Սա քաղաքի այն մասն է, որը հիշեցնում է հին Հաագան: 

Այնտեղ Յասամանը հանդիպեց իր ընկերներից մեկին, ով, ինչպես պարզվեց, "գիտի բոլոր լեզուները": Հարցրեց որտեղից եմ, պատասխանեցի, որ Հայաստանից: Հպարտությամբ ասաց "Միիիիիի րոպե", հետո էլ "Բարեեեեեվ: Խնդրեեեեեեեմ: Կախաաաարդ":

Հը? Ինչ կախարդ? 

Պարզվեց, նա հայ ընկերուհի է ունեցել, որը նրան այդ բառը սովորեցրել է մեկ այլ բառի փոխարեն, նա էլ հիշել է: Բայց կախարդ?


Քաղաքի կենտրոնը նույնպես ապշեցնող էր: Մանրամասն չգրեմ, ինքներդ դատեք:



Հաագան շատ միջազգային տեսք ունի: Անկեղծ ասած, համեմատելով մեր "գյուղի" հետ, շատ են միգրանտները, ու փողոցում կարծես ամեն ազգից մի քիչ կա: Սիրում եմ այդպիսի քաղաքներ, երբ քայլելուց չեմ զգում, որ օտար եմ...

Լավ, շատ երկար-բարակ չնկարագրեմ: Հրաշալի քաղաք, հրաշալի մարդիկ... 

No comments:

Post a Comment