Sunday, October 20, 2013

"Բա իմանաք ինչ ա էղել..." Մաս 2

Արդեն երկու ամիս է ապրում եմ այս միջին մեծության քաղաքում ու դեռ տնից քաղաքի կենտրոն ճանապարհը չգիտեմ:

Բանն այն է, որ ես տարածական դաունիզմ ունեմ, ու հասկանալը` որ կողմ պետք է գնամ, շատ դժվար է:

Ավտոբուսով մեր անտառից քաղաք գնալը խնդիր չէ, բայց հեծանիվով... "յա ինձ հարցնես, յա մեր գազանանոցի կապիկին" (քոռանամ ես, այս ինչ համեմատություններ եմ անում...)

Հիմա, որոշելով, որ հեռախոսիս նավիգացիան ու մի քանի խելացի application-ներ ինձ կհասցնեն Alexanderstrasse, ինձանից գոհ նստեցի հեծանիվս ու յալլա դեպի փոստ` գրքերս ստանալու (մի քանի օր առաջ հայկական սփյուռքի մասին գրքեր էի պատվիրել):

Բնականաբար, 5 րոպե հետո արդեն կորել էի: Հասկանալով, որ անտեր հեռախոսը ինձ առանձնապես չի օգնելու, սկսեցի մարդկանցից հարցնել ինչպես հասնել այդ չարաբաստիկ փողոցը:

- Սկզբում աջ, հետո ուղիղ, հետո ձախ, հետո շրջադարձից էլի աջ, 100 մետր ուղիղ...

Հը?

Մի խոսքով, մեկ ժամից հասա տեղ: Գիրքս վերցրեցի, երջանկացա: Ասացի` լավ, հետ ճանապարհը հեշտ կգտնեմ:

Հա, հա, հա, հա, հա... :D

Նախ, մինչև հասկացա ինչպես հեռախոսիցս օգտվեմ, կես ժամ անցավ:

Հետո էլի աջը ձախից չէի տարբերում, ու էլի կորա:

Հետս սկսեց անձրև կաթալ...

Հետո անձրևը ուժեղացավ...

Հետո հեռախոսիս "զարյադկան" նստեց...

Հետո հասա մի փողոց, որից ոնց-որ ճանապարհը գիտեի... Քշեցի այդ փողոցով մի կես ժամ (հեծանիվս շատ դանդաղ է): Մեկ էլ որ չտեսնեմ` Alexanderstrasse... Սիրտս բռնեցի...

Մի պապիկի հարցրեցի` ինչպես գնամ համալսարանի մոտ (միակ տեղը, որտեղից հաստատ կարող եմ գնալ տուն), ինքն էլ էլի ինձ աջ ու ձախ արեց, հետո հարցրեց` որտեղից եմ, ասեցի "Armenien"... Նայեց-նայեց, ժպտաց ու պատասխանեց "Ուզում ես քեզ Աստծո մասին պատմեմ..."


Պատկերացրեք ինձ` թաց, հոգնաց, մոլորված... Իսկը Եհովայի վկայի հետ Աստծո մասին խոսելու ժամանակն էր... Ու գիտեք, սա առաջին անգամը չի: Մի անգամ էլ փողոցում կանգնած էի, մի շաաաաաաաատ սիրուն տղա եկավ, կողքս կանգնեց, ժպտաց: Ես էլ մտածեցի "ահա այն` սեր առաջին հայացքից...": Իսկ նա ուզում էր Աստծո մասին պատմել...

Լավ, չշեղվեմ թեմայից:

Հնարավորինս բարի հայացքով նայելով պապիկին` ասացի, "Շնորհակալ եմ, բայց մյուս անգամ", ու թռա... 

Երբ որ զգացի, որ արդեն սկսում եմ ինքս ինձ հետ խոսել հեծանիվի վրա (ինքս ինձ հարց էի տալիս, ինքս պատասխանում էի, հիմնականում ասելով "չգիտեմ"), հասկացա, որ արդեն ծիծաղելի չի: Մտա մի գարեջրատուն, որ իմանամ նախ` որտեղ եմ, ու ոնց հասնեմ Johann-Justus-Weg: Պարզվեց, որ բավականին մոտ էի:

Ասեմ ձեզ, տուն հասա 3 ժամ ճանապարհը փնտրելուց հետո: Չեմ չափազանցնում:

Դա ինձ դաս էր, որ միշտ հեռախոսս լիցքավորեմ:

Ու որ ինձ հիմա հարցնեք Alexanderstrasse-ն որտեղ է, ես հաստատ-հաստատ-հաստատ կպատասխանեմ` "Գաղափար անգամ չունեմ..."


No comments:

Post a Comment