Friday, July 26, 2013

Արի գրկեմ...

Արդեն մի քանի շաբաթ է ուզում էի հայրենասիրության մասին ինչ-որ բան գրել, այդպես էլ չէի կարողանում գաղափարներս ի մի բերել, կենտրոնանալ ու կարգին միտքս շարադրել: Սպասեցի` մտածելով, որ մարդ ես, մի առիթ կլինի, մի բան կգրեմ...

Եվ այդպես էլ եղավ:

Բողոքի ցույցերի առաջին օրը մտածեցի, "ոչինչ, որ թանկացրել են քաղաքային տրանսպորտը, գոնե խեղճ վարորդներին տակը մի բան կմնա, ընտանիք կպահեն...":

Հաջորդ օրը սկսեցի թերթեր կարդալ, ֆեյսբուքյան նորություններ ու մարդկանց մեկնաբանությունները: "Ինչ վարորդին փող մնալ... Խեղճ մարդիկ հենց իրենք են առաջին տուժողները:"

Ու ինձ "գցեցի փողոցները": Ընկերներիս հետ գնացի կենտրոն, կանգառում սկսեցի բղավել "Բոլորս վճարում ենք հարյուր դրամ" ու նման բաներ: Մի քանի հատ էլ 150-ը ջնջած, արդեն ձեռքից ձեռք ընկած ու ճմրթված թուղթ ունեի ձեռքիս: Ակտիվիստներն էին տվել...

Ճիշտն ասած, կյանքումս ոչ մի բողոքի ցույցի չէի մասնակցել: Չգիտեի, որ այդքան "հավես" է... Սկսեցի մտածել, թե ինչն է այստեղ պակասում... Ու մտքիս մի բան եկավ, որը արտացոլում էր և իմ տրամադրությունը, և ուրիշներինը: Ուզում էի ասել "շնորհակալություն" ոչ միայն ակտիվիստներին, որոնք առավոտից ուշ գիշեր փողոցներում պայքարում էին իրենց ու քաղաքացիների շահերի համար, այլ նաև նրանց, ովքեր այդ ակտիվիստներին լսում էին, սուս ու փուս հարյուր դրամ էին վճարում ու իջնում երթուղայիններից...

- "100 ես վճարել? Արի գրկեմ"...

Սկզբում մտածեցի, որ ընկերներս չեն հավանի գաղափարը, ուր մնաց մի հատ էլ անծանոթների գրկեին: Բայց արի ու տես, ինձնից ավելի շատ ոգևորվեցին: Այդպես էլ գնացինք խանութ, մարդա մի քիչ "գցվեցինք" ու նարնջագույն "վատման" ու թղթեր գնեցինք:

Տանից դուրս գալուց առաջ ծնողներիս ասացի մեր գաղափարի մասին: Ժպտացին, "միայն ոստիկանների հետ խնդիր չունենաք, մնացածը` ոչինչ":

Ինչ խնդիր, այ մամ ջան... Մենք "խաղաղապահ" ենք:

Դուրս եկանք փողոց: Սկզբում մի քիչ ամաչեցինք, բայց հետո գնաաաց... Քաղաքի ոգևորվածությունը մեզ էլ անցավ, մենք էլ դարձանք դրա մասը:

Մեր հաղորդագրությունը տեսնողներից առաջինը մի տատիկ էր: Մի քանի վայրկյան նայեց պաստառին, հետո տոպրակից հանեց մեկ հատիկ դեղձ... Տեսավ, որ շատ ենք ու մի հատը չի հերիքի: Իր նուրբ ձեռքերով դեղձը կիսեց երկու մասի, որ գոնե երկուսին հերիքի: Դա էլ իր շնորհակալությունն էր: Այդ պահին ուրիշ բան չուներ տալու: Կարող է իր օրվա դեղձն էր, էն էլ մեզ տվեց...Հետո էլ ավելացրեց "Ապրե'ք, էրեխեքս: Ապրե'ք, ձեր հոգուն մեռնեմ":

Ոնց չվերցնեի դեղձը, եթե այդքան սրտանց էր տալիս... Ու ոնց դրանից հետո ավելի չոգևորվեի...

Ես, ասենք, ջհանդամ, շուտով մեկնում եմ հեռու երկիր` մագիստրատուրայում սովորելու, երկու տարուց նոր վերադառնամ... Բա էս կինը ոնց այստեղ ապրի? Թոշակից ինչքանը տրանսպորտին վճարի? Ու քանի նման տատիկ-պապիկ կա...

Հասանք կանգառ: Մի լուսանկարիչ, որի անունը, ինչպես հետագայում պարզեցի, Արթուր էր, ասաց "Պահիր թուղթդ, նկարեմ", ու այդպես էլ արեցի: 




Մինչև ուշ երեկո մնացինք կենտրոնում. երթի գնացինք, հետո էլի` կանգառ: Հոգնած հասա տուն, բացեցի ֆեյսբուքը ու ինչ տեսնեմ? Իմ "արի գրկեմ"ի նկարը` 1000-ից ավել "լայքով"...  Աչքերիս չէի հավատում:



Շփոթված նստած էի համակարգչիս առջև ու ժամերով կարդում էի: Որևորությանս չափ չկար: 100 դրամ վճարել կոչ անող ֆեյսբուքյան էջերից մեկում մեկը գրել էր "բա ֆլեշմոբի նման մի բան արեք, ակցիան շարունակեք..." Մի գիշերվա ընթացքում մեր "իվենթին" ֆեյսբուքում միացավ հազարից ավելի մարդ: Բոլորն ասում էին, որ հիասքաչ գաղափար է, ապրեն ակտիվիստները...



Հաջորդ օրն էլ ավելի մեծ թիմով դուրս եկանք: Այս անգամ ակցիային մասնակցողների մեծ մասին նույնիսկ չէի ճանաչում: Ծանոթացանք:

Ազատության հրապարակից Մաշտոցի պողոտայով քայլեցինք, միլիոն մարդ տեսանք ճանապարին: Կեսը կարդաց` ժպտաց, մյուսները եկան "գրկվելու": Լրագրողներ էլ կային, լուսանկարիչներ էլ: Ճանապարհին էլ մարդիկ ասում էին "Վայ, դուք երեկվա նկարի աղջիկն եք... Գիտեք, չէ, որ "բրենդ" է դարձել ձեր կարգախոսը"

Ճամփի կեսին իմացանք, որ քաղաքապետարանը որոշումը կասեցրել է: Սկզբում մտածեցինք, որ  սուտ-սուտ լուրեր են տարածում, բայց հետո հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ, իսկապես, փոքրիկ հաղթանակ ենք տարել:

Մի ծիծաաաղ... Մի ուրախություն...

Շարունակեցինք մարդկանց գրկելը: Այս անգամ` որպես շնորհավորանք: Ապրե'ք, որ 100 եք վճարել: Դե եկեք` գրկեմ:

Քաղաքը երբևէ այսպիսի պայծառ չէի տեսել: Աղջիկ-տղա, ջահել-ահել. բոլորի ժպիտն անպակաս էր, աչքերում էլ փայլ կար:

Սիրում եմ ժողովրդիս: Այնպես կուզեի` միշտ այսպես լիներ: Ոչ թե տառապած, այլ հույսներս վեր ազգ լինեին, աչքներս էլ օտար երկրի ճամփին չլիներ:

-----

Էլի ուշ եկա տուն, մի բաժակ սուրճ խմեցի ու անցա այսօրվա անցուդարձի մասին տեսահոլովակ պատրաստելու գործին: Աշխատեցի մինչև լուսաբաց: Մեկ-մեկ ինձ թվում էր, որ դրսից էլի ձայներ են գալիս, գոռում են "ՀԱՂԹԱՆԱԿ", դուրս էի նայում, բայց փողոցները դափ-դատարկ էին: Առավոտյան ժամը հինգն էր...

-----

Երբեք որևէ ցույցի, քաղաքական գործերի չեմ մասնակցել: Մտածում էի, որ իմ գործն ուրիշ ձևով կանեմ, մի բան կմտածեմ, որ էս ազգի համար մի լավ բան անեմ, մի բանով օգտակար լինեմ...

Այսօր հասկացա, որ շաբաթներ առաջ, որ ուզում էի հայրենասիրության ու ազգասիրության մասին մի բան գրել, հակառակ ուղղությամբ էի գնացել... Այսօրվանից չեմ գրում, միայն գործում եմ... Միայն գործում...












Ի դեպ, մեր ակցիայի մասին կարող եք ծանոթանալ այստեղ`







4 comments:

  1. ինչ էլ ասեմ, քիչ կլինի .. Լի'կա, դու հրաշք ես :

    ReplyDelete
  2. Lik, apreq duq, yes stexic vogeshnchvac hetevum ei amen inchin))) shnorhavorum em))) lav gaxapar er!!!

    ReplyDelete